ՊՆ-ն ամեն ինչ անում է զինված ուժերում կանանց դերը բարձրացնելու համար

Armenpress 20:46, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատում բանակում կանանց ներգրավվածությունը: «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ ՀՀ ՊՆ-ն ամեն ինչ անում է զինված ուժերում կանանց դերը բարձրացնելու համար: «Կանանց ներգրավվածությունը բանակում տարեցտարի ավելանում է: Դուք գիտեք, որ ռազմական ինստիտուտներում արդեն նաև աղջիկներ են ընդունվում և սովորում: Մենք աղջիկներին կարող ենք ընդունել նաև նույնիսկ ուսումնական գործընթացի կեսից, այսպիսի արտոնություններ ենք ձևավորել կանանց համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նրա խոսքով արդեն իսկ կան դասակի հրամանատար կանայք, լեյտենանտներ նույնիսկ հրետանային ստորաբաժանումներում: «Մինչև հիմա կան պայմանագրային հիմունքներով ծառայող կանայք բժշկական համակարգում, կապի և ավտոմատ կառավարման համակարգում: Կանայք կան նույնիսկ մարտական ստորաբաժանումներում, հատուկ նշանակության ստորաբաժանումներում: Կին դիպուկահարներ ունենք, իսկ կանանց՝ հավասարակշռությունը, մարմնին լավ տիրապետելը մեծ նշանակություն ունի դիպուկահարներին նախապատրաստելու գործում»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանը միաժամանակ հավելեց, որ անվտանգության ապահովման ամենակարևոր ուղղութուններից մեկը հակառակորդին «օրորոցային վրեժ» պարտադրելն է. որքան մեր զավակները շատ լինեն, այնքան  ազգը կշատանա: Նախարարի խոսքով՝ կնոջ ամենակարևոր գործը պետք է լինի հայրենիքի համար նոր զավակներ լույս աշխարհ բերելը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am