Ոստիկանները Դիլիջանում հայտնաբերել են եղբոր կնոջը հրազենով վնասած Վարդան Եսայանի դիակը

Armenpress 19:05, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից օգոստոսի 6-ին, ժամը 12.10-ին Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Դիլիջան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Շամախյան թաղամասում իր քրոջ տեգրը կրակել է իր քրոջ վրա: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, Դիլիջանի Շամախյան փողոցի իրենց տան բակում 1971 թ. ծնված Վարդան Եսայանը դիտավորությամբ հրազենային վնասվածք է պատճառել իր եղբոր կնոջը` 1979 թ. ծնված Գայանե Կ.-ին, և դիմել փախուստի:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 8-ին Վարդան Եսայանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 22-ին, ժամը 19.30-ին, Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի «Խնձորկուտ» կոչվող անտառամասի տարածքում, գլխի շրջանում հրազենային վնասվածքի հետքով, գետնին ընկած, հայտնաբերվել է Վարդան Եսայանի դիակը, որի կողքին հայտնաբերվել է նաև որսորդական երկփողանի հրացան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am