Ավստրիան մտադիր չէ փոխել Թուրքիայի հարցում իր դիրքորոշումը

Armenpress 18:03, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան ի գիտություն է առել երկրից թուրքական դեսպանի ժամանակավոր հետկանչը, բայց մտադիր չէ փոխել Թուրքիայի գծով իր դիրքորոշումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավստրիական APA լրատվական գործակալությանը հայտնել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Սեբաստիան Կուրցն ավելի վաղ քննադատաբար է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների հեռանկարի մասին` նշելով, որ այդ երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ իրավիճակի նեգատիվ զարգացումը, որն ավելի է սրվել հուլիսի կեսերին ձախողված ռազմական հեղաշրջումից հետո: Թուրքիան էլ իր հերթին Ավստրիայի իշխանություններին մեղադրել է «արմատական ռասիզմի» մեջ:  APA-ի հետ զրույցում Սեբաստիան Կուրցի պաշտոնական ներկայացուցիչն ասել է.

«Քայլն ընդունվել է ի գիտություն, եւ երկկողմանի բանակցությունները բոլոր մակարդակներում շարունակվում են»: 

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վերջին իրադարձությունների պատճառով Անկարան խորհրդատվությունների համար Վիենայից հետ է կանչում իր դեսպանին, որպեսզի վերանայի Ավստրիայի հետ իր հարաբերությունները` կապված Վիենայում քրդական եւ թուրքական համայնքների միջեւ բախումների հետ:  Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հանդես էր եկել Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ հայտարարությամբ:

Ինչպես Սեբաստիան Կուրցը, այնպես էլ Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը հայտարարել էին ԵՄ-ին անդամակցելու հարցով Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին: Քրիստիան Քերնը հեռուստատեսություններից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ Թուրքիայի տնտեսությունը հետ է մնում եվրոպական երկրների տնտեսություններից: Նա ընդգծել էր, որ իրենք չպետք է վախենան պաշտոնական Անկարայի զայրույթից:«Մենք Թուրքիայի առջեւ խնդրողական վիճակում չենք: Մենք այդ երկիր մեծ ներդրողներից ենք: Թուրքիան տնտեսապես կախված է ԵՄ-ից», -ասել էր նա` նշելով, որ միգրացիոն համաձայնագրի հետ կապված Անկարայի սպառնալիքները չեն կարող վախեցնել իրենց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am