Իսրայելի խորհրդարանի պատգամավորը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ կառավարությունը քայլեր կձեռնարկի

Armenpress 09:38, 12 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի խորհրդարանի«Սիոնիստական միություն» կուսակցության անդամ Զոհեր Բահլոն դժվարանում է կանխատեսել` արդյոք Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քայլը կնպաստի երկրի կողմից ցեղասպանության ճանաչմանը:

«Հանձնաժողովը որոշեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր առաջարկություն  ներկայացրել, եւ դժվար է ասել, թե արդյոք դա կնպաստի Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչմանը: Երկրում հայ համայնքի հետ զրուցելուց հետո«Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնը որոշեց դադարեցնել խորհրդարանում այս հարցի անընդմեջ շահարկումը` հուսալով, որ հանձնաժողովի կողմից ցեղասպանության ճանաչման այս քայլը կմղի կառավարությանը ինչ-որ քայլեր ձեռնարկելուն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց խորհրդարանի պատգամավորը:

Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնի նախաձեռնությամբ քննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը: Քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկվեց Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողով:

Օգոստոսի 1-ին հանձնաժողովի նախագահ Յակով Մարգին հայտարարեց, որ հանձնաժողովը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Կնեսետի պատգամավոր Զեհևա Գալոնը, մասնավորապես, ասել էր. «Ամեն տարի մենք կեղծ հույս ենք տալիս մարդկանց, ովքեր նստած են այստեղ: Դա անկեղծ չէ, որ Կնեսետն անդադար քննարկումներ կազմակերպի այս հարցի շուրջ, առանց որոշում կայացնելու այն մասին, որ Իսրայել պետությունը և օրենսդիր մարմինը ճանաչում է  Հայոց ցեղասպանությունը»:

Կնեսետի պատգամավորներ Նաչման Շաին, Դով Քենինը, Զոհեր Բահլոն արտահայտել էին միևնույն տեսակետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am