ԵՄ-ն կոչ է անում Հայաստանում քաղաքական խնդիրները լուծելիս չդիմել բռնության

Armenpress 19:53, 30 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության Արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես մտահոգություն է հայտնվում Էրեբունիում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման առնչությամբ:

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ պահվող բժշկական անձնակազմին: Միաժամանակ վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանի իշխանություններին` զերծ մնալու ոստիկանության կողմից հանրային միջոցառումները վերահսկելու ընթացքում անհամաչափ ուժի կիրառումից: Նույն կերպ ցուցարարները պետք է զերծ մնան բռնությունից իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնելիս: Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի կիրառումը և բռնությունն անընդունելի են: Կոնֆլիկտները պետք է կարգավորվեն քաղաքական երկխոսությամբ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների հարգմամբ»,- նշված է ԵՄ բարձր ներկայացուցչի խոսնակ Մայա Կոչիանչիչի  հայտարարության մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am