Քննիչները քրեական գործ են հարուցել Գորիսում վրաերթից 11 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ

Armenpress 21:11, 29 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 11-ամյա երեխային վրաերթի ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2016 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 19:50-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Գորիս քաղաքի Անկախության փողոցում երեխա է վրաերթի ենթարկվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննիչը՝ փորձագետների հետ միասին, եւ ձեռնարկվել ենանհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Նախնական տվյալներով՝ 11-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել ժամը 19:40-ի սահմաններում՝ «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենայի կողմից Գորիս քաղաքի Անկախության փողոցում, որտեղից վարորդը դիմել է փախուստի։ Երեխան ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը, ով հայտնաբերվել է եւ հուլիսի 29-ին ձերբակալվել։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաթունաբանական փորձաքննություններ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am