ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հանդիպել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների

Armenpress 20:34, 29 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հրավերով հուլիսի 25-27-ը  Թեհրանում էր գտնվում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել հայ-իրանական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով տնտեսական համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի հետ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարների, Իրան-ԵՏՄ համագործակցության շրջանակներում Հայաստանի դերակատարության, Հայաստան-Իրան տնտեսական կապերի առավել ամրապնդման և բազմաթիվ այլ հարցեր:

Նախարար Յոլյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային հնարավորությունները։

ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին էներգետիկ ոլորտում հայ-իրանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցները համակարծիք էին էներգտիկ բնագավառում համագործակցության ընդլայնման առումով։ Այս համատեքստում շեշտվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը:

Նախարար Յոլյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց MAPNA արդյունաբերական խմբի ձեռնարկություններ և ծանոթացավ ընկերության արտադրական և գիտահետազոտական հնարավորություններին:

Թեհրանում Լևոն Յոլյանն այցելեց «Արարատ» մարզավան, ուր հանդիպում ունեցավ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am