Գյումրիում տեղի կունենա Պերմյակովի գործով հերթական դատական նիստը

Armenpress 10:27, 29 Հուլիս, 2016

ԳՅՈՒՄՐԻ« 29  ՀՈՒԼԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում հուլիսի 29-ին կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով հերթական արտագնա նիստը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր 1 շաբաթով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը  ստացել էր գրություն առ այն, որ Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուրադ Աղաջանյանը գտվում է 10-օրյա արձակուրդում:

Մինչ դատական նիստը հետաձգելու որոշումը, նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը հրապարակեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդության հետ կապված որոշումը՝ դատավորի ինքնաբացարկը չընդունելու մասին: Ըստ դատավորի՝ ինքնաբացարկի  համար, որին միացել էին նաև մյուս փաստաբանները, չկան բավարար հիմքեր: 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն,  այնուհետև` յոթ օր հետո մահացել:

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am