ՊՊԾ գնդում գտնվող բուժաշխատողներից մեկին ազատել են

Armenpress 21:15, 27 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկապահակային գնդի տարածքում գտնվող բուժաշխատողներից մեկն ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ առողջապահության նախարարությունից` նշելով, որ ազատ արձակվածը բուժակ Դավիթ Տոնոյանն է:

Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել:Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բուժաշխատողներին` «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկներ Նորայր Թևանյանին և Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար: «Շտապօգնության» բժիշկներն առաջարկել են ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի վիրավոր անդամներին տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանք մերժել են: Զինված խմբի անդամները պահանջել են, որ Առողջապահության նախարարը ներկայանա և տեղում վիրահատություններ կազմակերպվի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am