Բայդենը Գյուլենին արտահանձնելու հարցով հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետի հետ

Armenpress 12:16, 22 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNN Turk-ը, հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ պաշտոնական Անկարայի կողմից մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:

Բայդենը հայտնել է, որ այս հարցում պետք է նախ որոշում կայացնեն ԱՄՆ անկախ դատարանները: Միաժամանակ փոխնախագահը հայտնել է, որ խնդրի առնչությամբ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ:

Իր հերթին Յըլդըրըմը հիշեցրել է, որ իրենք արդեն համապատասխան դիմում են ուղարկել ԱՄՆ-ին Գյուլենին արտահանձնելու պահանջով: Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները որպես իրենց դաշնակից Գյուլենին կարտահանձնի Թուրքիային:

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:

Էրդողանի կողմից հրապարակված վերջին տեղեկություններով` սպանվել է հեղաշրջման դեմ դուրս եկած 246 մարդ, վիրավոր է` 2185-ը, ձերբակալվել է 10 հազար 410 մարդ, 4 հազար 60-ը կալանավորվել են: Կալանավորվածներից 103-ը գեներալներ են:

Հայտնի է, որ սպանվել է նաև ռազմական հեղաշրջման փորձի մասնակից ավելի քան 100 մարդ:

Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am