Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի մահվան կապակցությամբ

Armenpress 16:11, 19 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի (Դավիթ Հովհաննիսյան) մահվան կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով տաղանդավոր բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի մահվան մասին:

Դավիթ Հովհաննեսը մեր ժամանակակից գրականության, հայ արդի պոեզիայի տպավորիչ ու կոլորիտային դեմքերից էր, ով ուներ իր ուրույն գիրն ու հետաքրքիր լեզուն: Նա կարողանում էր մտքի ազատությամբ եւ բառի արվեստով իր ձայնը հասցնել ընթերցողին եւ վերջինիս խորհելու, մտորելու մղել:

Դավիթ Հովհաննեսի պոեզիան ոչ միայն գրողի, այլեւ մտահոգ քաղաքացու ազնիվ ու անկաշկանդ խոսք էր՝ մշտապես պահանջարկված ասելիքով ու ներքին խորությամբ: Նա այդպիսին էր նաեւ որպես ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր օրենսդիր մարմնում ծավալած իր գործունեության ընթացքում:

Կորստի այս ծանր պահին Դավիթ Հովհաննեսի ընտանիքին, հարազատներին ու գրչակից ընկերներին եմ հղում անկեղծ ցավակցություններս եւ մխիթարանքի խոսքերս»,- ասված է ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am