ՄԽ համանախագահները ԼՂ հիմնահարցը կքննարկեն Անկարայում

Armenpress 15:45, 15 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 18-ին կայցելեն Անկարա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Համանախագահները Թուրքիայի մայրաքաղաքում կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը:

Ուշագրավ է, որ Չավուշօղլուն հերթական կողմնապահ հայտարարությունն է արել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: «Թուրքիան շարունակում է աջակցել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անպայմանորեն օգուտ է բերելու այս խնդրին: Թուրքիան ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում է: Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի կայցելեն Անկարա: Մենք կհանդիպենք նրանց և կառաջարկենք սատարել Ադրբեջանի դիրքորոշումը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Մինսկի խմբի կազմում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am