ԵԱՀԿ-ն Հադրութի ուղղությամբ պլանային դիտարկում կանցկացնի

Armenpress 10:18, 14 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Հանս Լամպալզերը (Ավստրիա)։

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am