Երևանում առաջին 5 աստղանի հյուրանոց Ռեդիսսոն Բլու Հոթել Երևանը բացեց դռները

Armenpress 23:10, 12 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան է մուտք գործում միջազգային «Կարլսոն Ռեզիդոր» ընկերությանը պատկանող «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցային ցանցը: Երևանում առաջին 5 աստղանի հյուրանոցը, որը վեր է խոյանում «Հաղթանակ» զբոսայգու կողքին, այցելուներին խոստանում է անգերազանցելի ծառայությունների մատուցում: «Իսկապես հաճելի է Հայաստանում ներկայացնել մեր հյուրանոցը, որն առանձնանում է իր հատուկ ոճով և «Այո, կարող եմ» գաղափարախոսությամբ, ինչով առաջնորդվում են ցանցի բոլոր հյուրանոցները: Շնորհակալ ենք մեր գործընկեր «Գոլդեն Փելիս» ընկերությանը, որի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ այս 5 աստղանի հյուրանոցն արդեն մուտք է գործում նաև Երևան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ռեդիսսոն Բլու Հոթել Երևանի գլխավոր մենեջեր Ջորջ Միուն: Նրա խոսքով` միջազգային բրենդ ներկայացնելուց զատ իրենք նաև բարձրակարգ ծառայություններ են մատուցում, ինչն անտարբեր չի թողնի ցանկացած հաճախորդի: Ստեղծվել է 134 աշխատատեղ, որտեղ միակ օտարեկրացին, Միուի խոսքով` ինքն է: «Ես միակն եմ, ով հայ չէ և ես իսկապես հպարտ եմ: Ես մեկ ամիս է` Հայաստանում եմ, բայց շատ տպավորված եմ: Հյուրընկալությունը կառավարում է այս երկիրը, որը առանձնահատուկ է»,-ասաց նա:

Հյուրանոցի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը շրջել է Երևանի բարձրակարգ հյուրանոցների շարքը համալրած «Ռեդիսսոն Բլու Հոթել Երևան»-ում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Լրագրողներին ներկայացնելով «ԱդԱստրա» (թարգմանաբար` դեպի աստղերը) բացօթյա ռեստորանը, որն ինչպես հյուրանոցի հյուրերի, այնպես էլ այլ ցանկացողների համար է, կարող է սպասարկել շուրջ 250 հոգու: Ռեստորանից դեպի Արարատ բացվող տեսարանը հյուրանոցի գլխավոր մենեջերի ամենասիրելի վայրն է: «Իմ սիրելի վայրն է հյուրանոցում, որտեղից բացվում է տեսարան դեպի Արարատ: Այն հանգստացնում է, ներշնչանք է տալիս, կարողանում ես խորհել լուրջ բաների շուրջ: Ես գիտեմ, որ այն մեծ խորհրդանիշ է հատկապես քրիստոնեական աշխարհի համար, այստեղ է, որ Նոյի տապանը հանգրվանել է ջրհեղեղից հետո»,-Բիբլիական լեռի գեղեցիկ տեսարանից ոգեշնչված` ասաց Ջորջ Միուն:

Լրագրողներն առիթ ունեցան շրջելու հյուրանոցի մի քանի սենյակներում, այդ թվում`  նախագահական սենյակում: 200 քառակուսի մետր տարածքով նախագահական սենյակը բարձրաստիճան, թագավորական հյուրերի համար է, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են մի քանի օրով իրենց զգալ թագավոր: Այն բաղկացած է հյուրասենյակից, աշխատասենյակից, ննջարանից և գրադարանից: Այս սենյակի գինը մեկ գիշերվա համար 2 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Մյուս սենյակների միջին գինը սկսվում և տատանվում է 80 հազար դրամի սահմաններում: 

Ռեդիսոն Բլու Հոթել Երևանի Վաճառքների և մարկետինգի բաժնի տնօրեն Մարիամ Ստամբոլցյանի խոսքով`հյուրանոցում կա 142 սենյակ, որոնցից 19-ը բարձրակարգ, լյուքս կատեգորիայի համարներ են, որոնցից 2-ն արքայական և նախագահական սենյակներն են: Եվս 2 համար նախատեսված է տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար: «Ունենք 6 հանդիպման սրահներ, ամենամեծը` թատրոնաձև շարվածքով, կարողանում է տեղավորել 200 անձի: Ունենք սպա, 7 բուժման, մերսման սրահներ, 25 մետրանոց լողավազան: Ունենք հիանալի այգի, կարելի է ասել, որ սա Երևանում միակ բիզնես հյուրանոցներից է, որն ունի շլացուցիչ այգի»,-հավելեց Մարիամ Ստամբոլցյանը:

Ռեդիսսոն Բլուն աշխարհի առաջատար հյուրանոցային ապրանքանշանիշերից է և ունի գրեթե 300 հյուրանոցներ աշխարհի 69 երկրներում: Ռեդիսսոն Բլուն «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի մաս է կազմում:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am