Էդուարդ Շարմազանովն այցելել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր

Armenpress 21:03, 12 Հուլիս, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն հուլիսի 12-ին մինչ պաշտոնական հանդիպումներն այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի  զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ մամուլի ծառայությունից,  առաջնագծում ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին, մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին և իրավիճակին: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ յուրաքանչյուր այցելություն առաջնագիծ խորհելու տեղիք է տալիս, իսկ զինվորների հետ հանդիպումները ոգևորիչ են: «Պետական այրերը պետք է հաճախ լինեն առաջնագծում, որտեղից ուժ ենք ստանում և գիտակցում , որ մենք սխալվելու իրավունք չունենք»,- ասել է նա:

Սահմանում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը վերահաստատել է իր հայտարարությունն այն մասին, որ Արցախի անկախությունը որևէ քննարկման ենթակա չէ, և Արցախի ճակատագիրը իրավասու է որոշելու միայն արցախահայությունը: «Միակողմանի զիջումներ չեն լինելու, իսկ փոխզիջումները կարող են լինել միայն խելամիտ սահմաններում»,- ընդգծել է Է. Շարմազանովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am