Հայաստանը կարող է խաչմերուկ դառնալ առևտրի, մարդկանց, ծառայությունների համար. Aysor.am-ին ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը

Armenpress 20:45, 27 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն աջակցում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցով ձեռք բերված համաձայնություններին և անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի համապարփակ լուծման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  Aysor.am-ի և «Արմենիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ամերիկյան մասի համանախագահ Բրիջիթ Բրինքը:

«Մենք փորձում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, անում ենք այն ամենը, ինչ կարողանում ենք համանախագահների և պետքարտուղարության միջոցով», - ասել է նա: Բրիջիթ Բրինքը ընդգծել է, որ Վաշինգտոնը կողմերին առաջարկում է առաջ շարժվել այն համաձայնությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:

«Մենք ամբողջությամբ կոմնակից ենք առաջ շարժվել այն համաձայնությունների շրջանակներում, որ եղել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, առաջ շարժվելու վստահության ամրապնդման, ինչպես նաև համապարփակ լուծման համար», - նշել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը խանգարում է Հայաստանին օգտվել իր աշխարհագրական կարևոր դիրքից: 

«Այս խնդրի լուծումը մեծ ներուժ կարող է պարունակել Հայաստանի տնտեսության աճի համար: ԱՄՆ-ն իր հերթին անում է այն ամենը, ինչ կարողանում է ԼՂ հարցի լուծման համար», - ասել է Բ.Բրինքը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստանում տնտեսական զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական զարգացմանը:

«Հայաստանը տարածաշրջանում կարևոր դիրք ունի, այն խաչմերուկ է Արևելքի և Արևմուտքի համար, ուստի Հայաստանը կարող է խաչմերուկ դառնալ առևտրի, մարդկանց, ծառայությունների համար, ինչը շատ կարևոր է», - ասաց Բ.Բրինքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am