Նուբար Աֆեյանն ընտրվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ

Armenpress 20:00, 21 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ գործարար, բարերար, «Ամերիաբանկ»-ի խորհրդի անդամ, դոկտոր Նուբար Աֆեյանն ընտրվել է Մանաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Մանաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն աշխարհի առաջատար բուհերի շրջանում զբաղեցնում է պատվավոր 3-րդ հորիզոնականը:

Աֆեյանը դոկտորի աստիճան է ստացել 2010 թվականին և բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է: Flagship Ventures առաջատար գիտահետազոտական ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Իր 30-ամյա կարիերայի ընթացքում Աֆեյանն ստեղծել է 38 գիտատեխնիկական ընկերություններ և այժմ մի քանի մասնավոր և պետական ընկերությունների ղեկավարն է հանդիսանում:

Նուբար Աֆեյանի, ով ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովի անդամ է նաև, Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրիգորյանի (Carnegie Foundation) համատեղ ջանքերով մեկնարկել է «100 Lives» (Հարյուր կյանք) ծրագիրը, և հիմնվել «Ավրորա համաշխարհային մարդասիրական մրցանակը» (Aurora Prize for Awakening Humanity): 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am