Հայկական ընկերությունը ստեղծել է նոր սերնդի հակակարկտային համակարգ

Armenpress 16:10, 20 Հունիս, 2016

 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Լոկատոր» ընկերությունը, ուսումնասիրելով աշխարհում տարածված բոլոր հակակարկտային համակարգերի առավելություններն ու թերությունները, ստեղծել է նոր սերնդի հակակարկտային համակարգ, որը թույլ կտա այլևս չմտահոգվել հակակարկտային համակարգերի անսարքության, չկրակելու և անարդյունավետ աշխատանքի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ընկերությունից, համակարգը բաղկացած է ՀԱԳ-120 հակակարկտային կայաններից և կառավարվող ծրագրային ապահովումից: Համակարգի նորարարությունը կայանում է նրանում, որ հնարավոր է իրականացնել կայանների կոմպլեքսային կառավարում: Նմանատիպ կառավարման շնորհիվ կարելի է իրականացնել ցանկացած քանակով, ուժգնությամբ, ժամանակային ինտերվալներով կրակոցներ: Ծրագրային ապահովումը թույլ է տալիս քարտեզի վրա նշել կայանների խումբ, կրակոցների քանակ, ուժգնություն, միջկրակային ժամանակ և ակնթարթորեն գործածել դրանք: Նշյալ հատկությունն էլ էապես բարձրացնում է ամբողջ համակարգի արդյունավետությունը, քանի որ բոլոր կայաններն աշխատում են միասին, և դրանց ազդեցությունն իրականացվում է ամպամածության ողջ տարածքով:

Բացի կիրառական ֆունկցիաներից, ծրագրային ապահովումն ունի համառոտ մոնիթորինգային և անվտանգության համակարգեր, որոնց միջոցով կարելի է առցանց ռեժիմում տեսնել տարաբնույթ օգտակար տեղեկատվություն` գազի պաշարները, բալոններում ճնշումը, էլեկտրական մարտկոցների լիցքավորվածության չափը, արևային մարտկոցի վիճակը և այլն:   

«Ծրագրային համակարգը լիովին մշակվել է «Լոկատոր» ընկերության կողմից և իր բնույթով չունի անալոգներ: Վերջին տարիներին կարկտի դեմ պայքարի աշխատանքները ցույց են տվել, որ թեև առկա կայանների գործունեությունը որոշ չափով նվազեցնում է կարկտահարությունից հնարավոր վնասները, սակայն բավարար արդյունք չի ապահովում, ինչի պատճառով գյուղացիները կրում են զգալի վնասներ: Այս համակարգը ստեղծելիս հաշվի ենք առել շուկայում առկա կայանների բոլոր թերի, բացասական կողմերը` լավագույն որակ ստանալու համար»,-նշել է «Լոկատոր» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը:   

Նոր հակակարկտային կայանները` ՀԱԳ-ը, աշխատում են լիովին ավտոնոմ ռեժիմում և ցանկացած անսարքություն առաջանալու դեպքում ահազանգ են ուղարկում կենտրոնական կառավարման կենտրոն: Պաշտպանվող տարածքը 1 կայանի հաշվարկով կազմում է 120 հեկտար: Կայանը 5 վայրկյանը մեկ կարող է անընդմեջ կրակել ավելի քան 500 անգամ, հարվածային ալիքի արագությունը առնվազն 500 մ/վ է: Կայանի կառավարման և սնուցման մասը առանձնացված է կրակող մասից, ինչը բացառում է ցնցումների և վիբրացիաների բացասական ազդեցությունը դրանց վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am