Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Armenpress 15:30, 20 Հունիս, 2016

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում` Կոնստանտինյան պալատում, մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախատեսվում է, որ հունիսի 20-ին տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից և քառօրյա պատերազմից հետո Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացել էՎիեննայում մայիսի 16-ին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի նախաձեռնած մասնակցությամբ: Արծարծվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am