Չեխայի նախագահն այցելեց Երևանի կոնյակի գործարան

Armenpress 13:14, 9 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կատարած այցի շրջանակներում Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Երևանի կոնյակի գործարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատվիրակությունն այցելեց Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամաս: Այնտեղ պատվիրակության ներկայացուցիչներին ներկայացվեց հայկական «Արարատ» կոնյակի պատմությունը և արտադրական պրոցեսը:

Միլոշ Զեմանը կանգ առավ նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին` ի պատվիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի: Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994  թվականի կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահն իր ստորագրությունը թողեց նաև գործարանի հուշագրքում:

Ըստ ավանդույթի` Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամասի նախագահական անցուղին համալրվեց Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի անվանական տակառով: Նախագահ Զեմանին որպես նվեր հանձնվեց գործարանի հնագույն սպիրտերից պատրաստված կոնյակ` «Արարատ»-ի բացառիկ հավաքածուից:  

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am