Ռուս գործարարները Հայաստանից ակնկալում են արագ իրացնել ԵԱՏՄ-Իրան կապող օղակի դերը

Armenpress 15:24, 4 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի փոքր ու միջին սեկտորի արտահանողներին միավորող «Экспортеры России» տեղեկատվական հարթակի ներկայացուցիչ Յուրի Շուրիգինը կարծում է, որ Հայաստանը պետք է զարգացնի ԵԱՏՄ անդամների և երրորդ երկրների միջև կապող օղակ լինելու իր հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փորձագետը հայտարարեց «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան համագործակցություն» ամենամյա ֆորումի ժամանակ: Նրա խոսքով` ռուս գործարարները մեծապես հետաքրքրված են հայկական շուկայով, հատկապես Իրանի հետ առավել սերտ կապեր հաստատելու տեսանկյունից: «Հայաստանի շուկայի հանդեպ Ռուսաստանի հետաքրքրությունը շատ մեծ է: Այդ են վկայում տարեկան անցկացվող 300-ից ավելի միջոցառումները արտահանմամբ զբաղվող ընկերությունների հետ: Դրանց ընթացքում նրանք ցանկություն են հայտնում արտահանումներ կատարել դեպի Հայաստան, որտեղից էլ դուրս գալ Վրաստանի և Իրանի շուկաներ»,-ասաց Շուրիգինը` հավելելով, որ Հայաստանը պետք է իրացնի իր այդ ռազմավարական հնարավորությունները:

«Մենք շաբաթական մեծ թվով դիմումներ ենք ստանում Հայաստանի միջոցով դեպի Իրան արտահանումների, բայց կան պարզ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դրան: Այս շաբաթ մենք Ստավրապոլում էինք, հանդիպեցինք մի խումբ ընկերությունների, որոնք ունեն գործընկերներ Հայաստանում, ցանկանում են արտահանում իրականացնել, բայց նրանց խանգարում է այն, որ չկան լոգիստիկ օպերատորներ, որպեսզի այնտեղից ապրանքը տեղափոխվի Հայաստան: Եթե ընկերություններն այս ուղղությամբ աշխատեն, դա մեծապես կնպաստի արտաքին առևտրի զարգացմանը»,-հավելեց ռուս փորձագետը:

Յուրի Շուրիգինը նկատեց նաև, որ ռուս գործարարները շահագրգռված են Հայաստանի միջոցով Չինաստանի ու եվրոպական երկրների ընկերությունների հետ կապեր հաստատել: Նա խորհուրդ տվեց շտապել ու ակտիվ գործունեություն ծավալելել, քանի որ Ղազախստանն արդեն սկսել է աշխատել այս ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am