Գյումրիում հիմնադրվող նոր կուսակցությունն ԱԺ մտնելու հավակնություններ ունի

Armenpress 12:35, 30 Մայիս, 2016

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվական դաշտում արդեն 11 տարի գործող ԳԱԼԱ-ն այսուհետ կփորձի իր խոսքն ասել նաև քաղաքականության մեջ: Ձևավորված «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը նախ ՏԻՄ, ապա նաև ԱԺ «մուտք գործելու» փորձեր կանի: Հուլիսի 1-ին կկայանա «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության համագումարը: Կուսակցությունը համագործակցության դուռը բաց է պահելու բոլոր նրանց համար, ովքեր կաշխատեն ի շահ Գյումրու և գյումրեցու: Ժողովրդի շահերից բխող ներքին և արտաքին քաղաքականության իրականացումը, լեգիտիմ իշխանությունների ձևավորումը, քաղաքական և քաղաքացիական իրավունքների անկաշկանդ իրացումը, մամուլի ազատությունը և գործարար միջավայրի կայուն զարգացումը՝ սա է նորաստեղծ կուսակցության նպատակը: Նախաձեռնող խմբի անդամները Գյումրու համակարգող կենտրոնի ներկայացուցիչներն են: Համակարգող կենտրոնի ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս որոշումը դժվարությամբ են կայացրել:

ԳԱԼԱ-ն կմասնակցի Գյումրիում անցկացվող առաջիկա ՏԻՄ ընտրություններին, բայց դա կլինի քաղաքական գործընթացների մասնակցության սկիզբը: «Մենք մտնում ենք քաղաքականություն՝ թիկունքում ունենալով 11 տարվա անցած ճանապարհ, մաքուր կենսագրություն և մաքուր ձեռքերով ու վստահ գիտակցումով, որ նախ և առաջ գյումրեցու ձայնը պետք է լսելի դառնա: Քաղաքում պետք է իրական քայլեր անել, կյանքի կոչել խոստումները: ԳԱԼԱ-ն պետք է լինի գյումրեցու խոսափողը»,- վստահեցրեց Արմենուհի Վարդանյանը՝ փաստելով, որ սա քաղաքական դաշտ մտնելու ճիշտ պահն ու ճիշտ տեղն է:

Նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի անդամները նշում են նաև, որ պահն է քաղաքական սերնդափոխության ու քաղաքական նոր ու լավ կադրերի:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am