G7-ի ղեկավարները հանդես են եկել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները պահպանելու օգտին

Armenpress 10:51, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները հանդես են եկել Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները պահպանելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է G7-ի՝ Ճապոնիայում կայացած գագաթնաժողովի հանրագումարային հռչակագրում:

Փաստաթղթում G7-ի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադրության սրվելու կապակցությամբ: Փաստաթղթի հեղինակները նաեւ հիշեցնում են, որ չեն ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին:

«Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել միայն դիվանագիտական միջոցներով եւ միջազգային իրավունքի նորմերի ամբողջական պահպանմամբ, հատկապես Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը հարգելու իրավական պարտավորությամբ»,- նշվում է հռչակագրում:

Պատժամիջոցները կարող են հանվել, եթե Ռուսաստանը կատարի բոլոր պարտավորությունները, նշվում է փաստաթղթում, որը նաեւ հավելյալ սահմանափակիչ միջոցներ է նախատեսում ՌԴ-ի նկատմամբ:

«Մենք պնդում ենք Մինսկի համաձայնությունների, Նորմանդական ձեւաչափի եւ Եռակողմ շփման խմբի որոշումների ամբողջական կատարումը»,- ասված է փաստաթղթում, որի հեղինակները նաեւ ընդգծում են Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանելու կարեւորությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am