ՀՀ գլխավոր դատախազը և ԻԻՀ դեսպանը կարևորել են երկկողմ իրավական փոխօգնության հստակ մեխանիզմի առկայությունը

Armenpress 20:07, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և քննարկել հանցագործություն կատարելու դեպքում  ԻԻՀ քաղաքացիներին  Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ քաղաքացիներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը, ընդգծելով երկու երկիրների միջև տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում առկա  համագործակցության բարձր մակարդակը, կարևորել են իրավական ոլորտում առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:  

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն առաձնացրել է Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների կողմից ՀՀ օրենսդրության չիմացության արդյունքում առաջացող խնդիրները, նշելով, որ նույնաբովանդակ խնդիրներ առաջանում են նաև Իրան այցելող ՀՀ քաղաքացիների համար: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ հաշվի առնելով երկու երկրների օրենսդրություների տարբերությունները, անհրաժեշտ է մշակել երկկողմ իրավական փոխօգնության հստակ, մանրամասն  և մատչելի մեխանիզմ, ինչը իրավական պաշտպանության ճիշտ կազմակերպման  հնարավորություն կտա ինչպես ԻԻՀ-ում ՀՀ քաղաքացիների, այնպես էլ  ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների համար:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող խնդիրները:  Երկուստեք նշվել է, որ այս ուղղությամբ իրավապահ մարմինները խիստ և հետևողական աշխատանք են իրականացնում: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նաև այլ հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա՝ առավել արդյունավետ  համագործակցության ուղղությամբ  իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am