Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է ԱՄՆ և անցկացրել առաջին մարզումը

Armenpress 09:53, 25 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունն մայիսի 25-ին ժամանել են Լոս-Անջելես, որտեղ մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ-ից:

Լոս-Անջելեսում հավաքականին միացան նաև Հենրիխ Մխիթարյանը և Արաս Օզբիլիսը։ Հավաքականը հանգրանել է «Մանհեթեն Բիչ Մարիոթ» հյուրանոցում։

Հաշվի առնելով բավականին երկարատև թռիչքը՝ մարզչական շտաբը որոշել է մայիսի 25-ին անցկացնել թեթև մարզում առանց գնդակի՝ վերականգնողական վարժություններ, դանդաղ և միջին արագության վազք, սթրեչինգ  և այլն։ Մայիսի 26-ին Հայաստանի հավաքականն արդեն կանցկացնի լիարժեք մարզում։

Առաջին մարզմանը մասնակցում էին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Մարկոս Պիզելլիի, ով հավաքականին կմիանա մայիսի 27-ին։ 

Մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան 7:00) մեր հավաքականը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին՝ (Երևանի ժամանակով հունիսի 2-ին՝ առավոտյան 7:00)՝ նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am