Ջեմ Սոֆուօղլուն, Ջեֆրի Ռոբերտսոնը Եվրախորհրդարանում կմասնակցեն հայկական ժառանգության վերականգնման քննարկմանը

Armenpress 09:45, 20 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանում մայիսի 31-ին կանցկացվի «Հայոց ցեղասպանության ճանաչում. Մշակութային ժառանգության վերականգնում» թեմայով քննարկում: Այն կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի կողմից բրիտանացի պահպանողական եվրապատգամավոր Չարլզ Թանոքի օժանդակությամբ: Նա Եվրոխորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի փոխնախագահն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

«Նախորդ տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ բարձրաձայնվեց այն հարցը, որ նոր թափ հաղորդվի ցեղասպանության հետևանքների վերացման, փոխհատուցման աշխատանքներին: Եվրախորհրդարանում նման քննարկում կազմակերպելը սկիզբն է, սա կարելի է ասել մեկնարկն է և նման քննարկումները շարունակվելու են»,-ասաց Պետո Դեմիրճյանը: Նրա խոսքով, այս քննարկումները կօգնեն վերհանել ցեղասպանության հետևանքով կորցրած ժառանագությունը վերականգնելու ուղիները:

Քննարկումներին մասնակցելու են Սիսի կաթողիկոսարականի ձեռնարկած հայկական ազգապատկան ու եկեղեցապատկան տարածքները վերադարձնելու գործում ներգրավված թուրք իրավաբան Ջեմ Սոֆուօղլուն, ինչպես նաև Փերինչեքի գործով իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը:

«Հրավիրված է նաև շվեդ ակադեմիկոս, պրոֆեսոր Օվե Բրինգը, ով տնտեսական հատուցումների գծով մասնագետ է: Նա կներկայացնի, թե ինչ ձևերով կարելի է տնտեսական հատուցում պահանջել Թուրքիայից: Քնարկմանը մասնակցելու է լրագրող Գիյոն Փերիեն, ով հրատարակել է «Հայկական ֆանտոմը» գիրք` ներկայացնելով, թե ինչպես է Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցը կոծկում»,-ասաց Պետո Դեմիրճյանը: Քննարկումը ղեկավարելու է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am