Վալովայան միասնական արժույթ ստեղծելու անհրաժեշտությունը դեռ չի տեսնում

Armenpress 18:40, 12 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան միասնական արժույթի ներդրման անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: Այս մասին մայիսի 12-ին կայացած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց պաշտոնյան` հավելելով, որ կրկնում է իր տեսակետը, որն արտահայտել է նախորդող տարիներին: «Ես հիմա ոչ մի անհրաժեշտություն չեմ տեսնում միասնական արժույթ ներդնելու համար, քանի որ դեռևս չկան համապատասխան պայմաններ ու կարիքներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վալովայան: Նա շեշտեց, որ միասնական արժույթ ներդնելու և դրանից օգուտներ քաղելու համար անհրաժեշտ է ունենալ լայնորեն ինտեգրված միասնական շուկա: «Մենք մեր առջև խնդիր ենք դրել լիովին ինտեգրված շուկա ձևավորել 2025-ի աշնանը, երբ բոլոր ապրանքային և ծառայությունների շուկաները կլինեն մեծամասամբ միասնական: Քանի դեռ չկա միասնական շուկա, հետևաբար, չկա նաև միասնական արժույթի անհրաժեշտությունը»,-ընդգծեց Տատյանա Վալովայան: 

Պաշտոնյան նկատեց, որ իրենք մանրամասնորեն ուսումնասիրել և շարունակում են ուսումնասիրել Եվրամիության փորձը և եկել են եզրակացության, որ ԵՄ-ում արժույթի ներդրման համար եղել են անհրաժեշտ պայմաններ, խորապես ինտեգրված տնտեսություն: «Եվրամիությունը, սակայն, որոշ բացթողումներ է թույլ տվել, քանի որ այդ ժամանակ չէին ստեղծվել բանկային ու ֆինանսական կառույցներ: Բայց ճգնաժամը ամեն ինչ դրեց իր տեղը և ապացուցեց, որ միասնական արժույթի անցնելու համար անհրաժեշտ է մի շարք պայմանների ստեղծումը, որոնք եվրոպացիները իրականացրեցին արդեն արժույթի ներդրումից հետո»,-հավելեց ԵՏՀ նախարարը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am