Հրապարակվել է ադրբեջանական ԶՈՒ դաժանությունների վերաբերյալ ԼՂՀ օմբուդսմենի միջանկյալ զեկույցը

Armenpress 19:31, 3 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված դաժանությունների մասին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը տպագրվել և շարունակելու է ներկայացվել միջազգային կազմակերպություններին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակից, զեկույցն արդեն ստացել է միջազգային արձագանք և իրենից ներկայացնում է մարդու իրավունքների խախտումների բացահայտման տեսանկյունից հիմնավոր և ճշգրիտ ձևակերպումներով փաստաթուղթ: 

Զեկույցում փաստարկված վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ինչպես նաև ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում: Վեր են հանված մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումները: Այդ տեսանկյունից են վերլուծված քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը: 

Զեկույցը պարունակում է լուսանկարներ և դաժանության դեպքերի նկարագրություններ, որոնք պահանջում են զգուշացում: Ընդ որում, զեկույցում օգտագործված են միայն այնպիսի լուսանկարներ, որոնք լայնորեն տարածվել և քննարկվել են զանգվածային լրատվության միջոցներում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am