Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարը դատապարտել է ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը

Armenpress 16:05, 3 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 3-ին հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի հետ, որին ներկա էին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Ազգային ժողովի և Ֆինլանդիայի Էդուսկունտայի միջև շփումների խթանման հարցերին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և խորացման կարևոր ձևաչափ։ 

Հանդիպման օրակարգում էին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Ֆինլանդիայի օրենսդիր մարմինների պատվիրակությունների փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են ապակենտրոնացված, մշակութային և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղիների, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։

Հայաստանի արտգործնախարարը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարը դատապարտել է ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը և մարդասիրական իրավունքի խախտումները՝ ընդգծելով, որ իր երկիրը միանշանակ աջակցում է հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am