Արցախում երկու զինծառայող է զոհվել. Ադրբեջանի գործողություններն անպատասխան չեն մնալու. ԼՂՀ ՊՆ

Armenpress 09:35, 30 Ապրիլ, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման հետևանքով Արցախի պաշտպանության բանակի երկու զինծառայող է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետևանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am