Նալբանդյանը հուսով է` ՄԱԿ-ի ֆորումը կդառնա Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների քննադատության հարթակ

Armenpress 14:40, 22 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համամարդկային բարձր արժեքների պահպանությանն ուղղված ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումի անցկացումը մի երկրում, ուր ծաղկում են այլատյացությունը, հայատյացությունն ու անհանդուրժողակնությունը, բազմաթիվ հարցեր է առաջացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 22-ին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսին: «Կազմակերպել այդ ֆորումը մի երկրում, ուր համամարդկային արժեքները ոտնահարվում են, կոպտագույն ձևով անարգվում ու անտեսվում, ինչպես Հայաստանը կարող էր մասնակցել: Մենք հայտարարություն ենք տարածել այդ առնչությամբ, որ չենք կարող պաշտպանել նաև ֆորումի վերջնական հռչակագրի նկատմամբ կոնսենսուսը»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը: ԱԳ նախարարի դիտարկմամբ` կան խոսակցություններ, որ որոշակի խախտումներ կարվեն կանոնակարգում ու կփորձեն հաստատել հռչակագիրը, բայց դա որևէ ձևով չի բարձրացնի այդ կազմակերպության հեղինակությունը:

Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ ֆորումը կդառնա Ադրբեջանի` մարդու իրավունքների խախտման, համամարդկային տարրական արժեքների դեմ դրսևորումների քննադատման հարթակ: «Այսօր, երբ հայտնի է դառնում, որ  շատ երկրներ, միջազգային կառույցներ իջեցրել են ֆորումին մասնակցության մակարդակը, հույս կարելի է միայն հայտնել, որ նրանք ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մերժել ու չգնալ այդ ֆորումին, բավականին համարձակություն կգտնեն քննադատելու այն հայատյացությունը, այլատյացությունը, անհանդուրժողականությունը, որ տիրում է այդ երկրում: Կքննադատեն այն բարբարոսությունները, որ տեղի ունեցան ֆորումի անցկացման վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,-հավելեց Էդվարդ Նաբանդյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Բաքվում մեկնարկելիք ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումին մասնակցելու նպատակով պետք է տարածաշրջան այցելեր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, սակայն ապրիլի 21-ին նրա խոսնակը հայտարարեց այցի հետաձգման մասին: Քաղաքագիտական շրջանակներն այցի հետաձգումը կապեցին ՀՀ ԱԳՆ հայտարարության հետ, որում միջազգային հանրության ուշադրությունը դարձվում էր Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վրա:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am