Շվեդիայի վարչապետը դատապարտել է թուրքական ասոցիացիայի նախագահի հակահայկական ելույթը

Armenpress 17:05, 16 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը արձագանքել է Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում թուրք-ադրբեջանական համայնքի ցույցի ժամանակ արտա­հայտված հայատյացության դրսևորումներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետ Լյովենը նշել է. «Շվեդիայում լիովին անընդունելի է այլատյացության սերմանումը այլ խմբերի դեմ՝ անկախ դրանց կրոնական, էթնիկ կամ քաղաքական պատկանելությունից։ Մեզ մոտ քաղաքական գործունեությունն իրականացվում է ժողովրդավարական սկզբունքներով՝ իրավահավասարության և իրավունքների հանդեպ հարգանքով։ Այս սկզբունքները քննարկման ենթակա չեն»։

Հակահայկական ցույցին և Թուրքական համադրող ասոցիացիայի փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի՝ ատելություն և բռնություն քարոզող հայտարարությանն անդրադարձել է նաև Շվեդիայի մշակույթի և ժողովրդավարության հարցերով նախարար Ալիս Բահ Կունկեն. «Այն, ինչ կատարվել է շաբաթ օրը, այդ նողկալի հայտարարությունները լիովին անընդունելի են։ Դրանք շատ վատ զգացողություն են թողել ինձ մոտ»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am