Ադրբեջանական Mi 24/35 ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում

Armenpress 11:06, 2 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Համաձայն պաշտոնական տեղեկատվության` ադրբեջանական Mi 24/35 ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում»,- ասել է Հովհաննիսյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am