Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում Քրիստոսի Հարության սուրբ տոնին նվիրված պատարագ է անցկացվել

Armenpress 11:28, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում մարտի 27-ին անցկացվել են Քրիստոսի Հարության սուրբ տոնին նվիրված պատարագ, որոնք կատարվել են ձեռամբ հատուկ Թբիլիսիից ժամանած Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի:  

Արարողությանը Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հրավերով ներկա են եղել Աջարիայի կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն, Բաթումի քաղաքագլուխ Գիորգի Երմակովը և Ինքնավար հանրապետության կրթության, մշակույթի ու սպորտի նախարար Գիորգի Թավամաիշվիլին, ինչպես նաև Բաթումում Իրանի Իսլամական հանրապետության գլխավոր հյուպատոս Հոսեյն Մաշհադին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորանքի խոսքեր են հղել վարչապետ Ա.Խաբաձեն և քաղաքագլուխ Գ.Երմակովը:

Նույն օրը Ա.Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոն կայացել է Կենտրոնի և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության համատեղ ջանքերով կազմակերպված բաթումահայ անվանի նկարիչ, երգահան, ջութակահար և ջութակի վարպետ Հրաչյա Սեչենյանի նկարների ցուցահանդեսի բացումը: Արարողության սկզբում, Արարատ քահանա Գումբալյանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Աջարիայի կրթության, մշակույթի ու սպորտի նախարար Գիորգի Թավամաիշվիլին, բաթումահայ արվեստաբան Բագրատ Թավբերիձե-Մատինյանը խոսել են նկարչի անցած ուղու, հարուստ ժառանգության մասին: Նախարար Թավամաիշվիլին հավաստիացրել է ներկաներին, որ ամեն ինչ կարվի հաջորդ տարի, նկարչի ծննդյան 120-ամյակի առիթով, Երևանում նկարչի անհատական մեծ ցուցահանդեսի կազմակերպման համար:

Արարողության վերջում, աջարահայությանն ու Հանրապետություն այցելող ՀՀ քաղաքացիներին ցուցաբերված իրավական օգնության համար, բաթումահայ փաստաբան Ժաննա Ավետիսյանին ՀՀ գլխավոր հյուպատոսի կողմից փոխանցվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե մեդալը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am