Երևանյան բեսթսելեր 4/5. «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:
Երկրորդ տեղում է Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն:
Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը երրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:
Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է:
Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը, վեցերորդ հորիզոնականում է: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:
Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը յոթերորդն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր սյուժեով այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական վիճակը:
Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ութերորդ տեղում է: Սա հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:
Ամերիկացի հռչակավոր գրող Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոնը», որը հեղինակը հումորով կոչել է «վեպ ձևացող պատմվածաշար», համարվում է 20-րդ դարի լավագույն գրքերից մեկը: «Կարմիր մոլորակի» նվաճման այս ֆանտաստիկ տարեգրության մեջ, ինչպես նկատել է աստղագետ Կարլ Սագանը, «Մարսը յուրատեսակ առասպելական ասպարեզ է, որտեղ մարմնավորվել են մեր երկրային հույսերն ու երկյուղները»:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ.
«Արմենպրես» լրատվական գործակալությունն անհրաժեշտ է համարում ներկայացնել որոշակի պարզաբանումներ «Երևանյան բեսթսելեր» նախագծի վերաբերյալ.
«Առաջին, գործակալությունն արել ու շարունակելու է իրականացնել նախագիծը. այն երբեք կոմերցիոն ու գովազդային նպատակներ չի ունեցել։ Երկրորդ, նախագիծն իրականացվում է շաբաթական կտրվածքով գրախանութների տրամադրած տվյալների հիման վրա, և դրանք ամեն շաբաթ հրապարակվում են առանց խմբագրման։ Դրանք հնարավոր է ստուգել։ Երրորդ, նախագիծն ամփոփող մրցանակաբաշխության նոմինանտները երբեք չեն ընտրվում բացառապես վաճառքների հիման վրա, և դա գործակալությունը բազմիցս ու հրապարակավ հայտարարել է: Մրցանակաբաշխությունը վաճառքի թվերի համահավաք ամփոփումը չէ: Չորրորդ, մենք բաց ենք ցանկացած քննարկման, եթե կհնչեն առաջարկներ մեթոդաբանության վերաբերյալ: Հինգերորդ, ոչ ոք չի խանգարում որևէ մեկին կամ մեկ այլ լրատվամիջոցի անելու իր նախագիծն իր իսկ մեթոդաբանությամբ։ Մենք միայն ուրախ կլինենք դա տեսնել, ողջունել, դրանից նաև սովորել»:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0Մարկ Արեն
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»
Բուկինիստ 30 2 +2Էդգար Հարությունյան
«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»
Անտարես 14 3 *Գարսիա Մարկես
«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»
Բուկինիստ 12 4 ՆորՌեյ Բրեդբըրի
«Ֆարենհայթ 451»
Զանգակ 12 5 *Գաբրիել Գարսիա Մարկես
«Նահապետի աշունը»
Բուկինիստ 11 6 -3Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ 10 7 -5Ջոն Գրին
«Աստղերն են մեղավոր»
Բուկինիստ/ Էդիթ Պրինտ 10 8 *Միլան Կունդերա
«Կեցության անտանելի թեթևությունը»
Անտարես 7 9 +1Ռեյ Բրեդբըրի
«Մարսյան քրոնիկոն»
Անտարես 7 10 *Գաբրիել Գարսիա Մարկես
«100 տարվա մենություն»
Բուկինիստ 6Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024