Հայտնի լեհ գործիչները պարգևատրվել են Ուկրաինայի հայերի միության շքանշաններով

Armenpress 15:02, 8 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի լեհ գործիչներ Լուկաշ Աբգարովիչը և Վոյցեխ Լյուբավսկին պարգևատրվել են Ուկրաինայի հայերի միության շքանշաններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Analitika.ua.net-ը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը միջազգային կապերի ընդլայնման և ամրապնդման նպատակով հանդիպումների շարք է ունեցել Լեհաստանում:

Լեհ քաղաքական գործիչ Լուկաշ Աբգարովիչին Ուկրաինայի հայերի միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով  պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել մարտի 6-ին Վարշավայում: Հանդիպման ժամանակ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ բարձր է գնահատում Լուկաշ Աբգարովիչի երկարամյա և արդյունավետ գործունեությունը և հույս է հայտնել, որ ապագայում համագործակցությունն ավելի  կխորանա:

Մարտի 8-ին Վիլեն Շատվորյանը «Հայոց ցեղասպանության սուրբ տառապյալներ» շքանշանով պարգևատրել է Կելցեի քաղաքապետ Վոյցեխ Լյուբավսկիին՝ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման աշխատանքներին ակտիվ աջակցելու համար:

Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել Կելցեի փողոցներից մեկը հայկական արմատներով հայտնի լեհ գործիչ Յուզեֆ Թեոդորովիչի անունով կաչելու հարցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am