Մահացել է պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 72-րդ տարում մահացել է ականավոր պատմաբան, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ Պետրոս Հովհաննիսյանը:
Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյանը ծնվել է 1944 թ. հունիսի 22-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, որն ավարտելուց հետո 1970 թ. ընդունվել է ասպիրանտուրա Հայոց պատմության ամբիոնի գծով: 1976 թ. հաջողությամբ պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը՝ «Միջնադարյան Հայաստանի սոցիալ - տնտեսական հարաբերությունների պատմության ուսումնասիրությունը ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի աշխատություններում» թեմայով։ Այնուհետև աշխատել է Հայոց պատմության ամբիոնում որպես գիտաշխատող, կաբինետի վարիչ, ավագ դասախոս, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր։ 2013 թվականից մինչև մահը ղեկավարել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի աշխատանքները։ 1992-1994 թթ. դասախոսել է Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, 1995 թ. համատեղության կարգով՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցում, իսկ 1999 թ. սկսած՝ զուգահեռ դասավանդել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, որտեղ կատարած իր գիտամանկավարժական բեղուն գործունեության համար 2004 թ. արժանացել է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևներից մեկին՝ «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» շքանշանին։
Երկարամյա մանկավարժական գործունեության ընթացքում դասավանդել է «հայոց պատմություն», «հայոց պատմության աղբյուրագիտություն», «արաբական երկրների հայկական համայնքների պատմություն», «հայ ազատագրական շարժումների քննական վերլուծություն», «հայագիտության պատմություն», «Սփյուռքագիտության հիմնահարցեր», «Հայ գաղթավայրերի պատմություն» և այլ առարկաներ: Պ. Հովհաննիսյանը գիտահանրամատչելի թեմաներով հաճախ հանդես է եկել մամուլում և հեռուստատեսությամբ, պարբերաբար դասախոսություններ կարդացել տարբեր կազմակերպություններում։
Դասախոսական գործունեությունը Պ. Հովհաննիսյանը զուգակցել է ակտիվ գիտական աշխատանքի հետ։ Հայոց պատմության և աղբյուրագիտության զանազան հարցերի վերաբերյալ 300-ից ավելի ուսումնասիրությունների, այդ թվում՝ մի քանի մենագրությունների, հոդվածների ու գրախոսությունների հեղինակ է։ Հեղինակել և խմբագրել է բուհական «Հայոց պատմության հիմնահարցեր», միջնակարգ և ավագ դպրոցների «Հայոց պատմության» և «Հայոց եկեղեցու պատմության» դասագրքերի առանձին բաժիններ, խմբագրել շուրջ երեք տասնյակի հասնող աշխատություններ: Հայագիտության մեջ կարևոր ներդրում են հատկապես Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մատենագիտությանն ու նշանավոր հայ պատմագետ Նիկողայոս Ադոնցի պատմագիտական ժառանգությանը նվիրված Պ. Հովհաննիսյանի հեղինակած ու կազմած աշխատությունները: Նրա գործուն մասնակցությամբ են ստեղծվել հայ իրականության մեջ առաջին անգամ ընթերցողին ներկայացված «Ամենայն Հայոց կաթողիկոսներ» հանրագիտարանը (գլխավոր խմբագիր և հեղինակից)։
Իր գիտամանկավարժական անբասիր գործունեության համար 2009 թվականին Հանրապետության նախագահի հրամանագրով Պետրոս Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։
Պետրոս Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 23-ին, ժամը 18:00-ին` Նոր Արեշի 26-րդ փողոց, տուն 22 հասցեից (ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան մոտ): Հուղարկավորությունը՝ փետրվարի 24-ին, ժամը 14:00-ին, նույն հասցեից:
«Արմենպրես»-ի խմբագրակազմը վշտակցում է Պետրոս Հովհաննիսյանի հարազատներին ու գործընկերներին, կիսում կորստի ցավը:
Կենսագրությունը` ըստ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի