Աֆղանստանում 2015 թվականին տուժել է 11 հազար քաղաքացիական անձ. ՄԱԿ

Armenpress 13:08, 14 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում 2015 թվականին ահաբեկչությունների և ռազմական գործողությունների արդյունքում զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 11 հազար խաղաղ բնակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է քաղաքացիական հասարակության պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա զեկույցում: Բախումների զոհ է դարձել ավելի քան 3,5 հազար մարդ, տուժել է ավելի քան 7,4 հազարը:

«Սպանված և վիրավորված երեխաների թիվն անցած տարի աննախադեպ էր: 2015-ին տուժածներից յուրաքանչյուր չորրորդը երեխա է: 2014թ. համեմատ, բախումների հետևանքով տուժած կանանց թիվը աճել է 37 տոկոսով»,-ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

Աֆղանստանում իրավիճակը վերջին ամիսներին նկատելիորեն վատացել է: «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը, որն ավելի վաղ իր հսկողության տակ էր վերցրել երկրի գյուղական շրջանների զգալի հատվածը, գրոհը տեղափոխեց քաղաքների ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Աֆղանստանում սկսել է ակտիվություն դրսևորել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am