Ալիեւը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերի հետ

Armenpress 17:06, 13 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ շրջանակում համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, էներգետիկայի ոլորտում համագործակցության եւ երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնել է, որ Իլհամ Ալիեւը Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է նաեւ Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ: 

Հանդիպմանը քննարկվել են քաղաքական իրավիճակը, մարդու իրավունքները եւ Ադրբեջանի ու ԵՄ միջեւ համագործակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am