Ուսանողները ՈԱԱԿ-ում բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին

Armenpress 15:42, 13 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպել է ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում  որակի ապահովման գործընթացների վերաբերյալ դասընթաց անցած ուսանողների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, հանդիպման ընթացքում քննարկվել են ուսանողների առաջադրած առաջնային խնդիրները, որոնք խոչընդոտում են կրթության արդյունավետությանը: Ուսանողները մեծամասամբ մատնանշել են մոտիվացիայի և պրակտիկ հմտությունների պակասը`նշելով, որ տեսական սովորածը մեկ անգամ գործնականում կիրառելը թե՛ ամրապնդում է գիտելիքները, թե՛ մոտիվացնում ուսանողին:  

Ուսանողները ներկայացրել են նաև, թե ինչ է տվել իրենց մասնակցությունը «Ուսանողության ձայն» նախագծի դասընթացին և ՈԱԱԿ-ի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» որակի ապահովման երրորդ ֆորումին:

Նշենք, որ քննարկումների  արդյունքում վեր կհանվի  ուսանողների մեծամասնությանը  հուզող արդիական թեմա, որը կուսումնասիրվի «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում, այնուհետև հետազոտության արդյունքների հիման վրա լուծման հնարավոր տարբերակներ  կմշակվեն և առաջարկի տեսքով կներկայացվեն ՈԱԱԿ-ին և բուհերին:  

Ավելի վաղ «Ուսանողության ձայն» նախագծի  շրջանակներում  հարցումներ են իրականացվել ուսանողների շրջանում`պարզելու բարձրագույն կրթության հայաստանյան առանձնահատկությունները, ինչպես նաև հարցումներ դասախոսների և ուսանողների շրջանում`հասկանալու ուսանողի սովորելու մոտիվացիայի անկմանը և աճին նպաստող գործոնները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am