ՀՀ-ն և Հունաստանը փոխանակվելու են զինամթերքի արտադրության տեխնոլոգիաներով

Armenpress 20:14, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև կնքվելու է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:

Կողմերի միջև համագործակցությունը կներառի մի քանի ոլորտ: Մասնավորապես, նախատեսվում է զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի և կարծիքների փոխանակում, ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ, դրա արտադրության համար հետազոտությունների իրականացում և զարգացում: Համաձայնագրի ներքո համատեղ ստեղծված աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքը, սարքավորումների հասանելիության հարցը երրորդ պետություններին կարգավորվում է առանձին համաձայնագրերով` երկու երկրների համաձայնությամբ:

Համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացման նպատակով կողմերը ստեղծելու են հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողով:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am