ԵԽ խորհրդարանականը կողմ է արտահայտվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Armenpress 15:22, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ մեր երկիրըհաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու եւ ընդլայնելու հարցում: Կարեւորելով խորհրդարանների դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում՝ պարոն Սահակյանը նշել է, որ խորհրդարանական ձեւաչափն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս ազատ ու անկաշկանդ քննարկումներ ծավալելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Անդրադառնալով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է բազմակողմ համագործակցության ձեւաչափը, որը հնարավորություն է ընձեռում քննարկել տարածաշրջանին վերաբերող հարցեր: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ասել է, որ Հայաստանը պետք է օգտագործի այս համագործակցության հնարավորությունը, այլ ոչ թե խուսափի դրանից, ինչն անում է Ադրբեջանի պատվիրակությունը: «Զարմանալի չէ նաեւ Ադրբեջանի կողմից կայացրած որոշումը` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում անդամակցության դադարեցման վերաբերյալ»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է: Նա եւս մեկ անգամ փաստել է, որ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ինչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափն է:

Եվրոպական խորհրդարանի անդամ Յան Զահրադիլը, շնորհակալություն հայտնելովընդունելության համար, նշել է, որ Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքն իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ակտիվացմանն ու ամրապնդմանը:

Յան Զահրադիլը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նշել է, որ կողմ է հարցի երկխոսության ճանապարհով խաղաղ կարգավորմանը՝ իրավասու կառույցների լիազորությունների շրջանակում:

Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am