Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանին

Armenpress 17:12, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ դեսպանի պաշտոնավարման ողջ շրջանում տեսանելի է եղել վերջինիս ազնիվ վերաբերմունքը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ ընդգծեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և դեսպանատան միջև կապերի առավել ամրապնդման գործում դեսպանի ունեցած կարևոր ավանդը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների կյանքում առկա արդի մարտահրավերներին, ՀՀ-ում և Հնդկաստանում իրականացվող կրթական ծրագրերին, այդ թվում` Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի գործունեությանը:

Վերջում հաջողություն և բարի ընթացք ցանկանալով դեսպան Թադիպանենիին` Վեհափառ Հայրապեը մաղթեց, որ Հնդկաստանն ու բարեսեր հնդիկ ժողովուրդը մշտապես առաջընթաց ու բարօր կյանքով ապրեն:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am