Սերբիայի ԱԺ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Armenpress 15:20, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստան այցելած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ փետրվարի 8-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Մեծ եղեռնի հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, խոնարհումով եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը:

Սերբ խորհրդարանականները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանության մասին պատմող նյութերին եւ լուսանկարներին: Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը գրառում է կատարել հուշամատյանում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am