ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է ԿԺԴՀ կողմից բալիստիկ հրթիռի արձակումը

Armenpress 18:18, 7 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության կողմից բալիստիկ հրթիռի արձակումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։

«Դատապարտում ենք ‎ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ‪‎ՄԱԿ-ի‬ Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում»,- ասվում է գրառման մեջ։

Կորեայի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը փետրվարի 7-ին տանող հրթիռ է արձակել, որն ուղեծիր է հասցրել Երկրի «Կվանմենսոն 4» արբանյակը։ Դա Ճապոնիայում, Հարավային Կորեայում և մի շարք այլ երկրներում համարել են բալիստիկ հրթիռի փորձարկում։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՑՏԱԿ-ը, արձակումը հաջող է անցել, և արբանյակն ուղեծիր է դուրս բերվել։ Միջազգային հանրությունը դատապարտել է Փհենյանի այդ գործողությունը, և արդեն փետրվարի 7-ի ընթացքում սպասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի անցկացումը։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Փհենյանը հերթական անգամ զայրացնող արհամարանք է դրսևորել միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԿԺԴՀ-ին կոչ է արել «դադարեցնել սադրիչ գործողությունները»։ Միջադեպին անդրադարձել են նաև Հարավային Կորեան, Ճապոնիան, Չինաստանը, ԱՄՆ-ը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին նշել է. «Մենք շարունակելու ենք աշխատանքը մեր գործընկերների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ նշանակալի միջոցների վրա, որոնք կհանգեցնեն ԿԺԴՀ-ի պատասխանատվությանը»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am