Թուրքիայում Դերսիմի հայերի կոտորածների մասին գիրք է հրատարակվել

Armenpress 18:13, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հրատարակվել է պատմաբան, գրող եւ հասարակագետ Քազըմ Գյունդողանի հեղինակած` «Վանականի թոռները. Դերսիմահայեր-1» գիրքը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել օրերս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Evrensel թերթը, գիրքը Թուրքիայում 1895 թվականին հայկական կոտորածների եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին է: Գրքում խոսք է գնում Դերսիմի հայության գույքի, լեզվի, կրոնի, մշակույթի ոչնչացման փորձի, պատմական հայրենիքից նրանց վտարման մասին:

Նշվում է, որ ցեղասպանության ժամանակ մեծ թվով դերսիմահայեր իրենց կյանքը փրկելու համար հարկադրված հրաժարվել են կրոնից, ունեցվածքից եւ հասարարակական դիրքից:

Քազըմ Գյունդողանը հեղինակել է նաեւ «Երկու բուռ մեղք. Դերսիմի կորած աղջիկները: Աղջիկների կոտորածը» գիրքն ու «Հայ-վայի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմը, որը 2013 թվականին Անթալիայի 50-րդ միջազգային «Ոսկե նարինջ» կինոփառատոնում արժանացել էր ժյուրիի հատուկ մրցանակին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am