Կոսմետիկ դաշինքները չեն կարող հանգեցնել բարեփոխումների. Նարեկ Գալստյան

Armenpress 15:19, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը վստահ է` Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում փետրվարի 5-ին նշեց ՍԴՀԿ ատենապետն` անդրադառնալով ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու հարցին:

«Դաշնակցության գործն է, սուվերեն կուսակցություն է, իր խնդիրն է` որտեղ միանա, ինչ անի: Ես կարծում եմ, որ դրա արտացոլումը կլինի ընտրություններին` բարձր կամ ցածր քվեների ստացումը: Բայց եթե երկրում չեն կատարվում համակարգային փոփոխություններ, ապա կոսմետիկ դաշինքները, գործընթացները չեն կարող հանգեցնել բարեփոխումների: Մեզ իսկապես անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ,  իշխանության տրամաբանության փոփոխություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Նարեկ Գալստյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում` կոալիցիա կազմի՞, թե՞ ոչ: «Յուրաքանչյուրն ինքն է որոշում` դրանից կլավանա ՀՀ քաղաքացու սոցիալական վիճակը, պաշտպանվածությունը: Կարծում եմ, որ առանձնապես դրական փոփոխություններ այս պահին սպասել պետք չէ»,-հավելեց Նարեկ Գալստյանը:

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափի շուրջ հստակություն կլինի հաջորդ շաբաթվա վերջ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am