Հայաստանն ու Եվրամիությունը քննարկում են պաշտպանական ոլորտում համագործակցության հարցը

Armenpress 12:38, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկուն:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրամիության կառույցների և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հատկապես խոստումնալից կարող է լինել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում խորհրդատվական աջակցության ստացումը և Եվրամիության Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի ու ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջև գործակցությունը:

Կողմերը դիտարկել են նաև ՀՀ և ԵՄ-ի միջև համագործակցության համատեղ առաջնահերթությունների այլ ուղղություններով համագործակցություն նախաձեռնելու նպատակահարմարությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am