Երևանյան բեսթսելեր 3/47. «Մարսյան քրոնիկոնը» վարկանիշային աղյուսակում է

Armenpress 10:00, 29 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Արեգ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Բլաժե Մինևսկու «Նշան» վեպը երկրորդ հորիզոնականում է: Երկու դիպուկահար՝ տղամարդ և կին... Եվ մինչ տղամարդը հարմարեցնում է նշանը՝ կինն արդեն թիրախ է դարձրել նրան: Ուստի տղամարդը դառնում է մի յուրօրինակ Շահրեզադե, որ իր կյանքի պատմությունն է պատմում դիմացինին՝ նոր «հազար ու մեկ գիշերվա» հույսով...

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»,  երրորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  

Չորրորդ հորիզոնականում է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:  

Հինգերորդ հորիզոնականում է ամերիկացի հռչակավոր գրող Ռեյ Բրեդբերիի «Մարսյան քրոնիկոնը», որը հեղինակը հումորով կոչել է «վեպ ձևացող պատմվածաշար», համարվում է 20-րդ դարի լավագույն գրքերից մեկը: «Կարմիր մոլորակի» նվաճման այս ֆանտաստիկ տարեգրության մեջ, ինչպես նկատել է աստղագետ Կարլ Սագանը, «Մարսը յուրատեսակ առասպելական ասպարեզ է, որտեղ մարմնավորվել են մեր երկրային հույսերն ու երկյուղները»:

Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեցերորդն է: Այն հեղինակի ամենահայտնի վեպն է, որը խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը: 

Վարկանիշային աղյուսակում յոթերորդը Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավորը» 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, ութերորդ հորիզոնականում է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Դեն Բրաունի «Ինֆեռնոն» իններորդ հորիզոնականում է: Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյոք զո՞ւր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և որոնում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:

Գրիգի «Հիսուսի կատուն» եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Արեգ 10/9 2 *

Բլաժե Մինևսկի

«Նշան»

Անտարես 8 3 *

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 8 4 +2

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 7 5 նոր

Ռեյ Բրեդբըրի

«Մարսյան քրոնիկոնը»

Անտարես 7 6 -2

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 6 7 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ/Բուկինիստ 6 8 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 6 9 *

Դեն Բրաուն

«Ինֆեռնո»

Զանգակ 6 10 -1

Գրիգ

«Հիսուսի կատուն»

Անտարես 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am