Արա Պապյանը Սաուդյան Արաբիայի և Իրանի հակամարտությունը տարածաշրջանում գերակայության համար պայքար է համարում

Armenpress 15:42, 14 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի և Իրանի հակամարտությունը իրականում պայքար է տարածաշրջանում գերակայության համար: Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: «Սադամ Հուսեյնի տապալումից հետո, երբ Իրաքը՝ որպես տարածաշրջանային գործոն, դուրս եկավ շարքից, մնացին Իրանը և Սաուդյան Արաբիան, որոնք կարող էին գերակայություն հաստատել Պարսից ծոցում, իսկ դա աշխարհի համար կարևորագույն տարածաշրջան է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պապյանը:

Նա նկատեց, որ այդ հակամարտությունից կփորձի օգտվել նաև Թուրքիան: «Թուրքիան կփորձի Սաուդյան Արաբիայի միջոցով  պայքար մղել Իրանի դեմ՝ որպես իր դարավոր մրցակցի և հակառակորդի: Այսինքն, Թուրքիայի համար սա ևս մարտահրավեր կլինի»,- ասաց Արա Պապյանը:

Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունները հասել են լարվածության գագաթնակետին, երբ Թեհրանում ամբոխը հարձակվել է Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա Էր-Ռիադում շիա քարոզիչ Նիմ ալ-Նիմրի մահապատժի ենթարկելու համար: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են եւ երկրներն իրենց ուժն ու սպառազինությունը սկսել են առավել ուժգին կերպով ցուցադրել Եմենում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am